Քաղաքական իմաստով իսկապես ուզում եմ հանրաքվե լինի, որ նաև դասեր քաղենք․ Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն ուրախ կլիներ, եթե օրինական ճանապարհով սահմանադրական բարեփոխումների փաթեթ ներկայացվեր ու հետո դա դրվեր հանրաքվեի՝ զերծ օրինական ու անօրինական մեկնաբանություններից։ Սակայն նա նկատում է, որ այսօր մենք բաժանվել ենք երկու մասի։
«Ես մի կողմից ներքին ուրախություն ունեմ, որ այս իրավիճակը նպաստում է մեր իրավական գրագիտության բարձրացմանը: Ես երբևէ չեմ տեսել, որ որէ անգամ քննարկվի ամեն կետ, թե իրավական տեսակետից ինչ է նշանակում: Մյուս կողմից ես շատ եմ խոսել, որ եկեք հանրաքվեի կամ պլեբիսցիտի ինստիտուտը լրջացնենք և ժամանակ առ ժամանակ կիրառենք»,-ասաց Թևան Պողոսյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հիշեցնում է, որ երբ առաջին անգամ նման հանրաքվե իրականացվեց, իշխանությունը հայտարարեց, թե սա խորհրդատվական է, և դրանով սպանեց հանրաքվեի արժեքը։
Թևան Պողոսյանը նկատում է նաև, որ եթե անգամ փաթեթը սխալներով է, բայց հանրությունն այն ընդունում է, ուրեմն լեգիտիմ է։
«Այսինքն՝ լեգալության մեջ սխալներ են արել, բայց հանրությունը դա ընդունել է, ուրեմն դա լեգիտիմ է: Այսինքն այստեղ կա քաղաքական բաղադրիչը»։
Թևան Պողոսյանը նկատեց նաև, որ անկախ նրանից նախագահը կստորագրի, թե ոչ, եթե կա ԱԺ որոշում, հանրաքվեի գործընթացը տեղի է ունենալու. «Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա, մենք հանրության կարծիքն իմանանք և դրանով մշակույթ դնենք: Բայց նաև դասեր քաղենք, որ հետագայում եթե հանրաքվե ենք անում, միայն լեգալ ճանապարհով անենք»,- ընդգծեց Պողոսյանը։