Հանդիպմանը հրավիրվել են բոլոր նրանք, որոնց հետ իշխանությունները քննարկել են «Մարտի 1-ի» հարցը․ Գևորգ Կոստանյան
«Մարտի 1-ի» գործով մեր իրավապահներն արդեն արել են այնպիսի ծավալուն հայտարարություններ, մեղադրական եզրակացություններ, որտեղ նշված են վկաների ցուցմունքները, անգամ վկաների անունները կան։ Այսինքն՝ նախաքննության մարմինն ինքն է հրապարակել նախաքննության այդ գաղտնիքները։ Ես պատրաստ եմ այդ քննարկումն անել նախաքննության մարմնի կողմից արդեն իսկ հրապարակված հանգամանքների եւ ապացույցների շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
Նշենք, որ Կոստանյանն օրերս հայտարարություն էր տարածել, որ պատրաստ է «Մարտի 1»-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կամ նրա մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի եւ Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ հրապարակային քննարկում անցկացնել, և այդ դեպքում պատրաստ է վերադառնալ Հայաստան։