Կորոնավիրուսից բուժվածների քանակը կրկնակի գերազանցել է մահացածների թիվը. ՉԺՀ ԱԳՆ
2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում է մահացածների թվաքանակը: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«Երեկվա (փետրվարի 4-ի) տվյալներով՝ բուժված և դուրս գրված հիվանդների թիվը մոտավորապես չորս անգամ ավելի մեծ է եղել, քան մահացածներինը: Բուժված և դուրս գրված պացիենտների ընդհանուր թիվը գրեթե կրկնակի գերազանցում է վիրուսից մահացածների քանակը»,- հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
«Մենք լիակատար վստահություն և հնարավորություն ունենք առաջիկայում շահելու այս ճակատամարտը: Մենք դա անում ենք ոչ միայն Չինաստանի ժողովրդի, այլև համաշխարհային առողջապահության համար»,- հավելել է Հուա Չունյինը: Ավելի վաղ դիվանագետը հայտնել է, որ երկրում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի դեպքում։