Լավ հարեւաններ, միմյանց թիկունք դժվար պահերին. Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջեւ պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու եւ ամրապնդելու գործում:
Խոսելով Հայաստանի եւ Իրանի միջեւ դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրները մշտապես եղել են լավ հարեւաններ, միմյանց թիկունք դժվար պահերին: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Երեւանում իր հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ եւ անդրադարձել քննարկված հարցերին:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի առավել զարգացնելու եւ ընդլայնելու երկու բարեկամ երկրների համագործակցությունը: