Ավտոներկրողները այսօր կոտրած տաշտակի առաջ են կանգնած. տնտեսագետ
«Մեքենաների ներկրման բիզնեսի տեսակը 2020 թ. ընդհանրապես չի լինի, ավելին՝ ներկրված մեքենաներն այնքան խոցելի են դարձել, որ կարող է այս բիզնեսն ընդհանրապես շատ վատ անդրադառնա տնտեսության վրա»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա նկատեց, որ տնտեսական դաշտում դեռևս հաջողություն գրանցված չէ: Տնտեսագետի դիտարկմամբ, անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերությունում 9 տոկոս աճ կա, տնտեսական կառուցվածքում որակական աճ չկա:
«7,8 տոկոսով տնտեսական ցուցանիշը լավ էր, բայց հիմա ամեն մի փռշտոց աննախադեպ է համարվում, ստացվում է՝ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել։ Տնտեսական ակտիվության ցուցանիշում անօգուտ աշխատանք կար»,- ասաց Վարդան Բոստանջյանը։
Խոսելով մասնավորապես մեքենաներ ներկրողներից` տնտեսագետը նշեց, որ մարդիկ, ովքեր ստիպված իբր իրենց համար բիզնես էին ստեղծել, որոշակի եկամուտներ ապահովելու նպատակով, այսօր կոտրած տաշտակի առաջ են կանգնած բազմաթիվ առումներով՝ ինչպես մաքսազերծման և իրացման հարցում, այնպես էլ քաղաքում մեքենաների շարժի առումով։
«Մոտ 200 հազար մեքենա ներմուծվեց Հայաստան, պայմանավորված մաքսազերծման հետ կապված արտոնություններով, ինչը մեծացրեց պետական եկամուտները, բայց դա հավելյալ արժեք չստեղծեց և բիզնեսի այդ տեսակը՝ մարում է 2020-ին: Այս բիզնեսով զբաղվող մարդիկ այսօր կոտրված տաշտակի առաջ են կանգնած բազմաթիվ առումներով՝ մաքսազերծման, իրացման, նույնիսկ կայանման»,- ասաց տնտեսագետը:
Նրա գնահատմամբ, այս իրավիճակը ստեղծվել է պետության վարած սխալ քաղաքականության պատճառով: