Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում
Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Ղազախստանի կառավարությունը կազմակերպել է Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացու տարհանումը. Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիներ:
Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտին գոտի, որտեղ կանցկացնեն 14 օր: Կարանտինի շրջանում նրանց հետ կապի մեջ կլինեն միայն բժիշկները: Նշվում է, որ տարհանված քաղաքացիների հարազատները ծանուցվել են կարանտինի շրջանում գործող կանոնների մասին:
Մինչ այդ, փետրվարի 2-ին, ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում էր, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: Քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում: