Անձրևաջրերը ներթափանցում են ցուցասրահ, ծեփը թափվում է, վտանգված են Էդուարդ Իսաբեկյանի կտավները. ստորագրահավաք (ֆոտո)
Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ «Պահպանել Էդուարդ Իսաբեկյանի ժառանգությունը»:
Տեքստում, որի համար ստորագրում են մասնակիցները, մասնավորապես, ասված է.
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահը (բացվել է 2013 թվականին) 2014 թվականից գտնվում է վթարային վիճակում:
Շենքի անմխիթար վիճակի մասին բազմիցս դիմումներ են ներկայացվել թե՛ անմիջական ղեկավարությանը, և թե՛ քաղաքապետարան: Մինչ այսօր որևէ դրական արձագանք դրանք չեն գտել: Անձրևաջրերը շարունակում են ներթափանցել ցուցասրահ, պատերից և առաստաղից ծեփը թափվում է, վտանգված են Էդուարդ Իսաբեկյանի կտավները: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չմնալ այս խնդրի հանդեպ և պահանջում ենք պատկան մարմիններից հիմնովին զբաղվել Ջիմ Թորոսյանի նախագծած շենքի վերանորոգմամբ՝ փրկելով Էդուարդ Իսաբեկյանի ժառանգությունը»: