«Էլեկտրիկ Երևանի» գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող «Էլեկտրիկ Երևան» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ոստիկանության գնդապետ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2015 թվականի հունիսի 23-ին` ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևան քաղաքում անցկացվող հավաքը ցրելու ընթացքում, Ազատության հրապարակին հարակից տարածքում, Ա. Ա.-ն ոստիկանության երկու այլ ծառայողների հետ բռնել է հավաքի մասնակիցներից Ֆիլիպ Արզումանյանին և, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռունցքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխի շրջանին` էական վնաս պատճառելով Ֆիլիպ Արզումանյանի իրավունքներին ու օրինական շահերին:
Քրեական գործից Ա. Ա.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք այլ դրվագներով ևս հնարավոր է եղել ձեռք բերել հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության 4 ծառայողների, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նրանց վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:««««««««««««