«Թող իմ երեխեն շան միս ուտեր, բայց կողքիս լիներ»․ մայրերը վստահ են՝ զինվորն «ինքնասպան» չի լինում (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերը չեն հավատում, որ բանակում զինվորներն ինքնասպանվում են։ Նրանք նկատում են, որ եթե նույնիսկ դա ճիշտ է ու զինվորը դիմում է ինքնասպանության, ապա նրան ինչ-որ մեկը դրդում է դրան, որը կոծկվում է։
Բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ եթե մինչ օրս պնդում են, որ իրենց տղաները ոչ թե սպանվել, այլ ինքնասպանվել են կամ դժբախտ պատահար է եղել, ապա թող գոնե դա ապացուցեն։ Ե՛վ տիկին Գոհարը, և՛ Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, վստահեցնում են, որ բանակում երբեք ինքնասպանություն չի լինում։
«Եթե իմ տղան ինքնասպան է եղել, ապա ո՞ւր են այդ ինքնասպանության դրդողները, ո՞ւր են․ բանակում ինքնասպանություն չի լինում, ո՞ւմ են խաբում, ո՞ւմ են ձեռ առնում, էս ժողովրդին դեբիլի տե՞ղ են դրել»,- ասաց Նանա Մարուդյանը։
Բանակում զոհված Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանն էլ նկատեց․ «20 ամսվա ծառայող տղես, որ ամեն անգամ ուրախ հետս խոսում էր ու մի քանի ամիս էր մնացել, որ տուն գա՝ ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ։ Դժվարությունը հաղթահարել էր արդեն, ժամ-ժամ սպասում էր տուն գալուն»։
Ծնողները համաձայն չեն նաև այն տեսակետին, թե բանակում իրավիճակը լավացել է։
«Մարտունակ բանակը այն է, որտեղ բարդակ չէ։ Գնալով ինքնասապնությունները ավելանում են, էլ ո՞ւմ է պետք լավ սնունդը։ Թող իմ երեխեն շան միս ուտեր, բայց իմ կողքին լիներ»,-վրդովված ասաց Գոհար Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում