Ինչո՞ւ Բադասյանը մերժեց Արփինեին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններով փորձում է հասնել իր վերջին կապրիզին՝ Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելուն: Երազանքի իրականացման համար ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով:
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտ էր ներկայացրել մասնակցել այդ հանձնաժողովում, սակայն այսօր պարզվեց, որ Արդարադատության ներկայիս նախարարը մերժել է Հովհաննիսյանի հայցը, և նա հնարավորություն չի ունենա առաջարկներ ներկայացնել սահմանադրական փոփոխությունների համար:
Խնդիրն այստեղ այն չէ, որ դատարան անթերի դիմում ներկայացնելու ունակությունից զուրկ Բադասյանը մերժել է Արփինեին, այլ այն, որ այդ հանձնաժողովում չկա գեթ մեկ սահմանադրական օրենքի մասնագետ, հետևաբար հարց է առաջանում, առանց Արփինեի պես մասնագետի, ինչպես են կարողանալու որևէ օրենսդրական փոփոխություն առաջարկել, որն ընդունվելու պարագայում սև ամպ չի դառնա այն ընդունողների գլխին:
Այս իշխանությունն իր ապիկարությունն ապացուցել է անկատար մնացած վեթինգով և անցումային արդարադատությամբ և դատավորների կաշառքի մասին օրենքով: Հաշվի առնելով այս տխուր փաստերը՝ դժվար չէ կռահել, թե որքան տխուր է լինելու Փաշինյանի հագով կոստյում կարելու գործընթացը անփորձ դերձակների շնորհիվ, ու հենց Արփինեի պրոֆեսիոնալիզմն էր, որ կարող էր փրկել դերձակներին այդ խայտառակությունից, բայց ավաղ, Բադասյանը մերժեց Արփինեին քանզի այդպես է պահանջում տերը:
Ստացվում է՝ Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանին, որը խոստացել է գնալ մինչև վերջ, իր տեղից հանելու հերթական փորձն են անելու բադասյանական մեթոդներով, որոնք արդեն ապացուցել են իրենց զրոյական լինելը:
Դե ինչ, սպասենք հերթական կոստյումին, որի մեջ մտնելով Փաշինյանը փորձելու փրկել օր օրի կորսվող վարկանիշը: