Հեռուստաընկերություններից մեկը պատժվել է իսլամը շատ «կոշտ ու կոպիտ» լուսաբանելու համար․ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)
ՀՌՀ-ը նախորդ տարի աննախադեպ մեծ քանակի տուգանքներ է կիրառել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ իրենց կարգավորման ներքո գործում է 126 հեռուստա- և ռադիոընկերություն, սակայն որքան էլ փորձում են թվել այդ ընկերությունները, այդ թիվը չի համալրվում։
«Կարծես Հայաստանում չեն գործում։ Մեր կարծիքով՝ օրենսդրության մեջ վրիպակ կա, քանի որ հեռուստա- և ռադիոընկերություններ են համարվում նաև կաբելային օպերատորները, որոնք աուդիովիզուալ ծառայություններ մատուցողներ են։ Եթե հանում ենք 65 կաբելային օպերատորներին, իրականում ունենք 30-ի չափ հեռուստաընկերություն, ունենք նաև հեռուստա- և ռադիոընկերություններ, որոնք գործում են ըստ պետական պայմանագրերի, այսինքն՝ լիցենզիա մեզանից չեն ստանում»,-նշեց նա։
Անդրադառնալով տուգանքներին՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ 2019-ին 12 ընկերության նկատմամբ 6 միլիոն 200 դրամի չափով տուգանք է կիրառվել։
«Մենք սկսել ենք լիովին իրականացնել մեր գործառույթները։ Նախկինում 12-ից շուտ սարսափ տեսարան ցուցադրելու համար հեռուստաընկերությունները չէին պատժվել, անցած տարի պատժվեց մի հեռուստաընկերություն։ Հեռուստաընկերություններից մեկը պատժվել է իսլամը շատ կոշտ, շատ կոպիտ, շատ սխալ լուսաբանելու համար։ Սա նաև քաղաքական հարց է»,- ասաց Տիգրան Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում