Զգույշ եղեք և մի փորձեք մարդկանց անձնական կյանքը մտնել, դա նաև քրեորեն հետապնդելի է. Հրայր Թովմասյանը՝ իր օտարերկրյա այցերի մասին
Հուսով եմ մենք 37 թվին չենք վերադարձել, երբ որ մարդու անձնական կյանքը դարձել է հանրային իշխանությունների ուսումնասիրման առարկա: Այդ մասին 168.am-ի «Pressing» հաղորդման ժամանակ ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում օտարերկրյա այցեր է ունեցել, որոնց՝ ազգային անվտանգության սպառնալիքի հարցը պետք է պարզի հետաքննությունը:
«Ես ասել եմ, որ պաշտոնական երկու այց եմ ունեցել. մեկը եղել է Սանկտ Պետերբուրգ, մյուսը՝ Լատվիա: Ես ինքս անձամբ, որոնց մասնակցել եմ: Թե մասնավոր ինչ այցելություններ եմ ունեցել, ապա ես ուզում եմ հիշեցնել անձի վերաբերյալ տեղեկություններն օրենքով չնախատեսված նպատակով հավաքելը և դրանք տարածելը: Զգույշ եղեք՝ դրա հետ կապված, թե ուր եմ գնացել, ում հետ եմ հանդիպել, այդ բառը լավ չի, չեմ ասի այդ բառը, բայց եթե ոմանք նաև էկրանների առջև տեսել են, որ տղաս ՈՒԵՖԱ-ի կազմակերպած մրցաշարին էր մասնակցում, որն անց էր կացվում Մինսկում, և ես էկրանների առջև էի, գնացել էի հետևելու, արձակուրդում էի, և դա ազգային անվտանգության խնդիր է, սպառնալիք է»,- ասել է Թովմասյանը:
Նա նշել է, որ բացի այդ, նաև առողջական խնդիրներ է ունեցել և զգուշացրել չմտնել մարդու անձնական կյանք:
«Երկրորդը՝ ունեի առողջական խնդիր: Հիմա սա բարձրաձայնե՞մ, թե՞ չբարձրաձայնեմ, և խորհուրդ էր տրվել Մոսկվայում գործող մի կլինիկա այցելել: Խնդրեմ, այդ ամբողջն ուսումնասիրեք, բայց նաև բարի եղեք ու իմացեք, որ այդ նույն ուղտը ձեր դռանն էլ է չոքելու, մի օր էլ դուք եք էդ ամբողջի պատասխանը տալու՝ ո՞ւր էիք գնացել, ում հետ էիք խոսում, երբ եք ում հետ հանդիպել, որ ժամանակահատվածում եք հանդիպել, և այլն: Այնպես որ, զգույշ եղեք և մի փորձեք մարդկանց անձնական կյանքը մտնել, դա նաև քրեորեն հետապնդելի է»,- ասել է Թովմասյանը: