Հակամարտությունն այն փուլում չէ, որպեսզի ակնկալենք էական փոփոխություններ․ Ալեքսանդր Իսկանդարյան
Եթե Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ակնկալվող հանդիպման արդյունքներով գրանցվի, որ բանակցային գործընթացը շարունակվում է, ապա արդեն կարելի կլինի համարել, որ հանդիպումը կայացել է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ միաժամանակ նկատելով, որ այս փուլում լուրջ փոփոխություններ չպետք է սպասել։
«1996-1997 թվականներից բանակցությունները վարվում են Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ անկախ այն բանից, թե ով և ինչ հռետորաբանությամբ ու որ լսարանի համար է հանդես գալիս»,- ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ ցանկացած պարագայում հանդիպման փաստն ինքնին դրական է՝ հաշվի առնելով, որ դա կողմերի միջև փոխգործակցության ուղի է ստեղծում։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա նրանց առակայությունը, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, ավելի նպատակային է դարձնում հանդիպումը։
«Միջազգային խաղացողների ներգրավումը միջնորդական գործունեությունում ավելի ամուր հիմք է ստեղծում ստատուս-քվոյի պահպանման համար։ Սակայն նրանք չեն կարող հակամարտությունը լուծել առանց կողմերի, դա արդեն կախված է միայն հայերից և ադրբեջանցիներից»,- ընդգծեց քաղաքագետը։