Նոր իշխանությունը շարունակում է գործել ՀՀԿ–ի ոճով․ Գևորգ Գորգիսյան
Եթե ընդդիմությունը չզսպի իշխանությանը, ապա երկիրը կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչպիսին կար մինչև հեղափոխությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով` Հայաստանում «հների» դեմ պայքարը շարունակվում է, մինչդեռ հասարակության սպասումները նոր իշխանությունից բարեփոխումներն էին։
«Ռեֆորմների փոխարեն մենք տեսնում ենք պայքար հների դեմ, ինչը ուշացած ու անտեղին է։ Ռեֆորմները թողած քաղաքական մեծամասնությունն իր ամբողջ ռեսուրսը, էներգիան կենտրոնացրել է ՍԴ–ի դեմ»,– ասաց Գորգիսյանը։
Ինչ վերաբերում է իշխանության և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված գնահատականներին Էդմոն Մարուքյանի վերաբերյալ, ապա Գորգիսյանը նորմալ է համարում, որ իշխանությունը գոհ չէ ընդդիմությունից, բայց խնդիր է տեսնում երկրի առաջին դեմքի բառապաշարի մեջ։
«Եթե դուք լեգիտիմ ուժ եք և շատ ձայն հավաքած, դա դեռ չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան ու ամենաթողություն թույլ տաք»,– ասաց նա։