Հրահանգված է պառկեցնել ասֆալտներին. փրկվել է պետք
Րոպեներ առաջ Երևանի Փարպեցի փողոցում գտնվող իր աշխատասենյակի մուտքի մոտից դիմակավորված անձինք ասֆալտին պառկեցրին «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին:
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանն էր այդ մասին պատմող տեսանյութը հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել. «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»:
Մալյանին ուժային կառույցների անդամներն իր աշխատասենյակի մոտից տարան այնպես, ինչպես տանում են հանցագործություն կատարած անձին՝ հանցանք կատարելու պահին, ու քանի դեռ անհայտ է, թե ինչ հանցանք է կատարել Մալյանը, հարցական է մնում, թե ինչու որոշեցին հատուկ համազգեստավորները լիկվիդացնել Նարեկ Մալյանին իր աշխատասենյակի մոտից։
Հետաքրքիր է, որ օրեր առաջ հյուրանոց ներխուժած զինված անձին ոստիկանությունն այդ նույն հյուրանոցից հեռացրեց առանց ձեռնաշղթաների, իսկ Մալյանին, որը հարցաքննության էր գնում տորթով, տապալեցին գետնին, ծայրաստիճան վտանգավոր հանցագործին բերման ենթարկելու պես տարածքից հեռացրին։
Այն, որ Մալյանին կրկին տարան, ոչ զարմանալի և ոչ էլ տարօրինակ է. առհասարակ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ ցանկացած ոք, որը հանդես է գալիս իշխանության սուր քննադատությամբ, պատրաստ է նրան, որ կարող է այդ սուր քննադատության համար հայտնվել մեկուսարանում։
Ավելին՝ զավեշտը հասել է այն աստիճանի, որ իշխանության ընդդիմադիրները բարձրաձայն ասում են՝ «տղա՛, եք, բռնեք», իսկ սա արդեն խոսում է լճացման ու անդունդի եզրին գտնվող իրավական համակարգի մասին և փաստում է մի շատ վտանգավոր բան՝ Հայաստանում մարդիկ «նստում» կամ «չեն նստում» մեկ մարդու թելադրանքով։
Դեռևս հայտնի չէ ոստիկանության 6-րդ վարչություն տեղափոխված Նարեկ Մալյանը որքան կմնա իրավապահների հսկողության տակ, սակայն կատարվածը փաստում է, որ տեղի է ունեցել քաղաքական ռեպրեսիա, իսկ սա հրահանգավորված արշավ է ոչ միայն Նարեկ Մալյանի, այլև ցանկացած այլ կարծիք ունեցողի նկատմամբ։
Հ.Գ.Հետաքրքական զուգադիպությամբ, վաղը տեղի է ունենալու Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի ասուլիսը, և կան վարկածներ, որ Մալյանին տարել են ոստիկանություն, որպեսզի չխաթարի վաղվա ասուլիսը։ Չի բացառվում, որ Մալյանին լիկվիդացնելու պատճառը նրա ֆեյսբուքյան գրառումներն են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա խայտառակ հարցազրույցի մասին։
Նշենք, որ Մալյանից բացի նույն ոստիկանական վարչություն են բերման ենթարկվել «Ադեկվատ» միավորման անդամները, իսկ այս քայլով քաղաքական հետապնդումների փաստն էլ ավելի ակնառու է դառնում։