Հազարավոր քաջորդիներ հանուն այսօրվա խաղաղության ու սերունդների անվտանգության զոհաբերել են ամենաթանկը. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք անասելի հպարտ ենք, քանզի կայացած ու մարտունակ Հայոց բանակն այլևս իրողություն է՝ տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության կարևորագույն երաշխավորը: Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, հեշտ չի եղել:
Հազարավոր քաջորդիներ հանուն այսօրվա խաղաղության ու սերունդների անվտանգության զոհաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին:
Այո՛, այսօր մենք ունենք Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության կարևորագույն երաշխիք հանդիսացող ազգային բանակ, սակայն գեթ մեկ վայրկյան անգամ չպետք է մոռանանք մեր զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և այն ժամանակակից ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման գործում իրենց անուրանալի ավանդն ունեցած բոլոր մարդկանց՝ շարքային զինվորից մինչև հրամանատարասպայական կազմ, նաև առաջնագծում օրուգիշեր մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին: Բարի և անփորձանք ծառայություն ձեզ:
Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում մշտապես թևածի խաղաղությունը:
Փա՛ռք Հայաստանի հաղթանակած բանակին, անառիկ ամրություն մեր երկրի սահմաններին ու խաղաղություն մեր հայրենիքին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: