Թորոսյանն իրենից հեռացնում է ծննդատների խնդիրը՝ գցելով այն մարզպետների վրա
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նամակով պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին և ասել, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ծննդատներ փակելու գործընթացը չի կարող իրականացվել, քանի որ մարզերի բժշկական կառույցների հիմնադիրները մարզպետարաններն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը:
Նրա դիտարկմամբ, այդկերպ առողջապահության նախարարը ծննդատները փակելու իր գաղտնի որոշումը գցում է մարզպետների վրա:
«Այսինքն՝ պարոն Թորոսյանը բաց տեքստով հայտարարում է, որ փակման գործընթացն իրեն չի վերաբերում, դա վերաբերում է մարզպետարաններին, համայնքի ղեկավարներին: Էդ դեպքում ուզում եմ հասկանալ. պարոն Թորոսյանն ի՞նչ սկզբունքով է հայտարարում, որ փակվելու են, և ուզում եմ հասկանալ այս պատասխանին ի՞նչ արձագանք կտան մարզպետները»,- ասաց Նունե Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ նախարարի պատասխանի մեջ նաև ասվում է, թե ԲԿ-ների ծախսերը պետք է հոգան մարզպետարանները, քանի որ նրանք են հիմնադիրները: Նունե Ավանեսյանի կարծիքով, եթե մարզպետարաններն են այս հարցը լուծելու, պետք է որ մարզպետներն ավելի կոմպետենտ և մտահոգ գտնվեն իրենց բնակիչների խնդրով, և ամեն ինչ անեն՝ բժշկական կենտրոնները չփակելու համար:
Թեև մյուս կողմից էլ, Նունե Ավանեսյանը հակված է այն տեսակետին, որ իրականում Թորոսյանը պարզապես իրենից հեռացնում է խնդիրը՝ գցելով այն մարզպետների վրա: Նա կոչ արեց մարզպետներին ապացուցել, որ իրենք ավելի պետականամետ են, քան առողջապահության նախարարը:
Անդրադառնալով վարչապետի արձագանքին ծննդատների փակման և նրանց բողոքի ակցիաների հետ կապված, Նունե Ավանեսյանը հիշեցրեց, որ Փաշինյանը զարմացել է, որ բժիշկները սպիտակ խալաթներով դուրս են եկել բողոքի ակցիայի, այնուհետև նույն խալաթներով վերադարձել աշխատանքի:
«Իսկ երբ որ անում էիք հեղափոխություն 2018 թվականին ու ամբողջ բժշկական համակարգը կանգնած էր ձեր առաջ սպիտակ խալաթներով, հիվանդներին թողնելով հիվանդանոցներում, հիվանդասենյակներում և ձեր հետ դըմփ-դըմփ հու էին գոռում, ինչի էդ ժամանակ կոչ չէիք անում, թե գնացեք, աշխատեք»,-ընդգծեց Ավանեսյանը։