Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը՝ բարձրացված աղմուկի մասին (տեսանյութ)
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստին, նշելով, որ իշխանության դիրքորոշումը որոշ շրջանակների համար շահարկման առարկա է դարձել. «Պարոն վարչապետ, ուզում ենք լսել ձեր դիրքորոշումը»:
Նշելով, որ ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով, վարչապետ Փաշինյանն ասաց. «Իհարկե շատ ցավալի դեպք է տեղի ունեցել: Եվ հաշվի առնելով, որ հիմնական վարկածը ինքնասպանության հասցնելն է, ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները պարզելու գործում ամենաշահագրգիռը պետք է լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, և նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի: Երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի»:
Վարչապետը նաև բոլորի ուշադրությունն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, թե իշխանությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերելԳեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Վարչապետը ներկայացրեց, թե ինչ է արել կառավարությունը, և ասաց. «Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը: Իսկ ինչո՞ւ նրանք այդ հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել»:
Մանրամասները՝ տեսանյութում.