Ֆրոյդը բացատրում է Մարիա Կարապետյանի լատենտ սեւեռումն ինձ վրա. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ամենաակտիվ լոբբիստներից մեկը՝ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով երկու տարի առաջ Եվրամիության կողմից ստացավ «Քաջ կին» մրցանակը ՝ սեռական փոքրամասնությունների շահերն ակտիվ պաշտպանելու համար, բոլոր ելույթները, չգիտես ինչու, նվիրված են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Այսօր ևս խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, Մարիա Կարապետյանն իր ողջ ելույթը նվիրեց Նաիրա Զոհրաբյանին:
NewsPress-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞վ կբացատրի Մարիա Կարապետյանի՝ իր անձի հանդեպ նման խստագույն սևեռումը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.
«Գիտեք, սովորաբար շատ բնական է, երբ կնոջ վրա սևեռվում են, կենտրոնանում են տղամարդիկ և տղամարդկանց սևեռումն ինձ վրա ես միշտ բնական եմ ընդունել և որևէ տարօրինակ բան այդտեղ չեմ տեսել: Սակայն, այս դեպքում մենք ունենք բավական տարօրինակ իրավիճակ, երբ նշյալ կին պատգամավորն ուղղակի սևեռված է ինձ վրա, և համաձայն եմ ձեզ հետ իր հրապարակային ելույթների և հրապարակային գրառումների գերակշիռ մասը նվիրված է իմ համեստ անձին:
Իհարկե, ես շնորհակալություն կհայտնեի տիկին Կարապետյանին իմ անձի հանդեպ նման սևեռում ունենալու համար, եթե հայտնի Ֆրոյդը չտար այդ սևեռման լատենտ, իրական, բոլորին հայտնի պատճառները: Արդեն ասել եմ, ևս մեկ անգամ կրկնեմ ՝ որպես հումանիստ ես պատրաստ եմ հասկանալ տիկին Կարապետյանին, բայց ցավոք սրտի, սա այն դեպքն է, որ իրեն ոչնչով օգնել չեմ կարող: Անգամ ՝ ամենամեծ ցանկության դեպքում»»: