Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը
Հունվարի 15-ին, երբ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց, նա ստորագրությամբ ազատ արձակվեց` երկրից չհեռանալու պայմանով: Ու քանի որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պատճառը նրա հիվանդությունն էր, ուստի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, բուժման նպատակով, Գրիգորյանին Ֆրանսիա ուղարկելու մասին։
Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց գեներալին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:
Դատական նիստի ժամանակ պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը: Սակայն, դատարանը մերժեց՝ հայտնելով, որ որևէ փաստ ու հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում: