Գազի գնի էական թանկացման հետևանքներն անխուսափելի են լինելու վերջնական սպառողի համար. փոխնախարար
Գազի գնի բարձրացումը բնականաբար իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսության վրա՝ կախված թանկացման չափից։ Այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը` «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:
«Ինչպես գիտենք, մեր էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրվում է ՋԷԿ-երում, որոնք աշխատում են գազում։ Այսինքն, եթե գազի թանկացում եղավ, ապա կլինի նաև ՋԷԿ-երում արտադրվող հասանքի ինքնարժեքի բարձրացում, սա էլ իր հերթին իր արտացոլանքն է գտնելու վերջնական սպառողին հասնելիս»,-հետևանքներից մեկը նշեց փոխնախարարը։
Հակոբ Վարդանյանի խոսքով, այս միմյանց փոխկապակցված գնային ազդեցությունը մեծապես պայմանավորված է գնի բարձրացման չափից:
«Եթե էական թանկացում լինի, ապա հետևանքներն անխուսափելի են լինելու վերջնական սպառողի համար»,-ասաց փոխնախարարը` հույս հայտնելով, որ այուամենայնիվ կգտնեն ուղիներ, որպեսզի սպառողների վրա շատ մեծ բեռ չընկնի։