Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ. ծնողները սուտ ու սխալ բաներ են ասում. Ռազմիկ Աբրահամյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է ծննդատներից անհետացած երեխաների գործով դատական նիստը։ Դատարանի շենքի բակում լրագրողները կարողացան զրուցել գործով մեղադրվող «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ։
Վերջինս հայտարարեց, որ ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։
Իսկ թե ինչու են ծնողները պնդում, որ հենց Հանրապետական հիվանդանոցն է կազմակերպել գործընթացը՝ Ռազմիկ Աբրահամյանն իր պատասխանն ունի. «Ծնողները սուտ ու սխալ բաներ են ասում, ԱԱԾ–ն էլ շատ բան է ասում»։
Դիտարկմանը, որ ամենածանր մեղադրանքն են իրեն առաջադրել, Աբրահամյանն ասաց․ «Թող առաջադրեն»։
Հիշեցենենք, նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։
Երեքն էլ գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց ազատության մեջ են։