«2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա կամ կոռուպցիոն-գրուպ». Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ դարձած նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսային շուկայում մենաշնորհային դիրք է նկատում:
Նա կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման համակարգը մոնոպոլիզացված է, ինչն էլ Փաշինյանը կապում է ինֆորմացիոն հոսքերի վերահսկման հետ:
«Այդ գործառույթը գտնվում է ՀՀ նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո և մենք այս ուղղությամբ պետք է շարունակենք աշխատանքը»,-ասաց Փաշինյանը:
Ակնարկելով որոշ հեռուստաընկերությունների, սակայն հստակ անուններ չտալով, Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։
«Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:
Նորից հիշելով ժողովրդի գործառույը, նա նշեց, որ այս երևույթի համար ժողովուրդը իրենց իշխանությանը շատ է մեղադրում: Միաժամանակ նա նշեց, որ ինքն այդ իրավիճակից դժգոհ չէ:
«Նման հեռուստաընկերությունների գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլեւ նրանց շոշափուկների ու մետաստազների: Դա հեշտացնում է մեր աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում»,-ասաց Փաշինյանը:
Նա իրավիճակը որակեց լրատվական պատերազմ՝ կառավարության ու ժողովրդի դեմ և հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի: Սկզբի համար նա հանձնարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին բացահայտել հեռուստաընկերության իրական սեփականատերերին: