Իշխանության որոշումները թավշյա հեղափոխության դեմ են ու ըմբոստանալու առիթ են ստեղծում․ էջմիածնի ՋՕ վարչությունը լուծարում են (տեսանյութ)
էջմիածնի ՋՕ ընկերության վարչության անդամները բողոքում են, իրենց որակմամբ, անօրինական որոշման դեմ։ Վերջիններս, դեռևս ներքին կարգով, իմացել են՝ վարչությունը լուծարել են։
Մինչ պաշտոնական որոշումը կտրամադրեն իրենց, վարչության անդամները հավաքվել ու քննարկում են իրենց անելիքները։ Վերջիններս ներկայացնում են 46 համայնք՝ ներառյալ Էջմիածինը։
Վարչության անդամները համոզված են, որ այս «ներկայացումը» կազմակերպվել է զուտ նրա համար, որ հանեն վաչրության նախագահին ու նշանակեն «իրենց մարդուն»։
Վարչության անդամների կարծիքով՝ որոշումն անօրինական է, քանի որ այն իրենց մասնակցությամբ և իրենց հետ քննարկման արդյունքում չի կայացվել։
«Թող գան, ասեն այ էս-էս-էս բաների համար լուծարում ենք, մենք էլ ասենք՝ սխալ եք անում, որովհետև․․․․ կամ էլ ասենք՝ հա՛, ճիշտ եք անում։ Թե չէ իրենք իրենցով որոշում են միանգամից 46 համայնքից ընտրված ներկայացուցիչներին լուծարել՝ իրավունք չունեն»,-քննարկման ժամանակ ասացին վարչության անդամները։
Նրանցից մեկն էլ նկատեց, որ տարիներ շարունակ եղել է նույն գործելաոճը ու պարզվում է՝ հեղափոխությունից հետո էլ բան չի փոխվել։ Իսկ ավելի տարեց ներկայացուցիչը նկատեց, որ այս գործելաոճը հակասում է նոր իշխանության առջև դրված նպատակներին ու սկզբունքներին։
«Իշխանությունը գիտակցո՞ւմ է, որ իր որոշումները հակասում են թավշյա հեղափոխությանն ու հետագայում ըմբոստանալու պայմաններ են ստեղծում»,- ասաց նա։
Տեսանյութը՝ tert.am—ի