Կալանավորված նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց հենց պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը (լուսանկարում աջից առաջինը): Միջնորդությունը քննիչին ներկայացվել է տոներից առաջ:
Պաշտպանը մեկնաբանեց՝ ինչու է այդ հարցաքննությունը կարեւոր: «Ձերբակալումից մի քանի օր առաջ Լոռեցյանը դիմում էր ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Մասնավորապես խնդրել էր նախարարին, որպեսզի վերջինս միջնորդի վարչապետին իրեն աշխատանքից ազատելու համար:
Մեր այդ դիմումը կարծում ենք՝ գործի համար էական նշանակություն ունի. մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է այն, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ:
Հիմա մենք չգիտենք՝ համապատասխան խուզարկությունների արդյունքում այդ դիմումը քննիչն առգրավել է, թե ոչ, ուստի մենք միջնորդել ենք, որպեսզի հարցաքննվի նախարարը, որպեսզի այս ամենի վերաբերյալ տա համապատասխան ցուցմունք»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ չգիտի, թե ինչու է Լոռեցյանը ցանկացել հեռանալ աշխատանքից: