«Նրանց օժանդակության կարիքն ունենք»․ ՊԵԿ-ը շոու բիզնեսի ներկայացուցիչներին պահելու է թիրախում
Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է շոու բիզնեսի ներկայացուցիչներին, քանի որ նրանց օժանդակության կարիքն ունի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Այո, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները մեզ շատ են օգնում և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»,-ասաց Անանայնաը՝ նշելով, որ Ամանորյա «Չվերթ 1» շոու ներկայացման մեջ կա դրվագ, որը հարկեր վճարելու մասին է․ ՊԵԿ-ը մտադիր է այդ դրվագը տեղադրել նաև իր պաշտոնական կայքում։
Անանյանը նաև նշեց, որ շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչ արդեն հայտարարագրել է իր եկամուտները:
«Հստակ թիվ չունեմ այս պահին, որովհետև թիվը գնալով ավելանում է: Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ մենք մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ենք ունեցել, որ մշակույթ ստեղծենք։ Նրանք շարունակելու են ՊԵԿ ուշադրության կենտրոնում մնալ»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Հարցին՝ կա՞ն արդյոք քրեկան գործեր շոու բիզնեսի հարկից խուսափող ներկայացուցիչների նկատմամբ, Անանյանը պատասխանեց․
«Կարևորը այդ գործերը չեն, այլ այն, որ մարդկանց մոտ առաջացել է հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե հետաքրքրություն: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկեր վճարելն անհրաժեշտություն է, հիմա մարդիկ կան, որ հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտավորությունների կատարումով»,-ասաց նա: