Իրանը խոստովանել է` Boeing-ը պատահաբար է խոցել. Ռոհանին հայտարարություն է արել
Ուկրաինական Boeing-ը, որը կործանվել է Թեհրանի մոտակայքում, պատահաբար է խոցվել մարդկային սխալի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը:
Գլխավոր շտաբից հայտնել են, որ ինքնաթիռը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել մարտական բարձր պատրաստության պայմաններում, ինչը կապված է Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանինն էլ հայտարարել է, որ պետք է վերացնել հակաօդային պաշտպանության համակարգերի թերությունները։
«Պետք է վերացնել հակաօդային պաշտպանության համալիրների բոլոր թույլ կետերը, քայլեր ձեռնարկել, որ նման աղետներ երբեք չկրկնվեն», - ասել է Իրանի նախագահը, որի հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
Արևմտյան մի շարք առաջնորդներ ավելի վաղ հայտարարել էին, որ ինքնաթիռի կործանման պատճառը կարող է լինել հրթիռային հարվածը, բայց Իրանի ներկայացուցիչները հերքել էին այդ տարբերակը։