Բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպք:
Նախնական տվյալներով 2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի՝ ձախակողմյան հիդրոպմենթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածք է ստացել հունվարի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վրացական փողոցում ծագած վիճաբանության ժամանակ:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է ծնված 1987 թվականին: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 32-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: