Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը․ Սուրեն Պապիկյան
2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների եւ զբոսաշրջիկների համար
Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով, եւ հիմնանորոգումը կնպաստի նաեւ ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլեւ Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի,- ասված է գրառման մեջ։