Վարուժան Ավետիսյանը՝ 800 հեկտարը վերադարձնելու մասին
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոչ ազնիվ նպատակներով հերթական անգամ չարչրկվում է այն հարցը, թե ինչու 2016-ի ապրիլ-մայիսին Ժիրայր Սէֆիլյանը կամավորներ էր հավաքագրում կորցրած 18 դիրքերը և դրանցով զբաղեցված 800 հեկտարն ազատագրելու համար, մինչդեռ հիմա նա և Սասնա Ծռերն այդ կորցրած դիրքերն ու տարածքը ռազմական գործողությամբ հետ բերելու քայլեր չեն կատարում։
Ստիպված ենք հիշեցնել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Սասնա Ծռերը և հատկապես Ժիրայր Սէֆիլյանը բազմիցս գործող իշխանությանը հորդորել և նրանից պահանջել են այդ դիրքերը և տարածքը մեզ վերադարձնելու միջոցով ստատուս-քվոն վերականգնելը դարձնել բանակցությունները վերսկսելու նախապայման։
Իսկ թե ինչու 2016-ին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, փորձ էր արվում այդ խնդիրը լուծել կամավորների միջոցով ռազմական գործողություն կատարելու ձևով, մինչդեռ այսօր առաջարկվում է քաղաքական-դիվանագիտական ճանապարհ, պետք է ակնհայտ լինի բոլոր ողջամիտ մարդկանց համար. հակառակորդի հարձակմանն անմիջապես հաջորդող թեժ վիճակը և տարիներ անց ձևավորված կայուն, «սառը» վիճակը միանգամայն տարբեր երևույթներ են։
Այն ժամանակ ռազմական գործողությունը կլիներ հասկանալի և ընդունելի, իսկ հիմա՝ արդեն ոչ»։