Որևէ մեկը չմտածի, որ ՍԴ դատավորները կգայթակղվեն ու թոշակի կգնան․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դատավորներին վատ են ճանաչում, նրանք ուժեղ մարդիկ են, հայրենասե են և նվիրյալներ։ Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որ ՀՔԾ հարցաքննությունից հետո դուրս էր եկել ՍԴ շենքից՝ պատասխանելու լրագրողների հարցերին։
«Եթե խաղաղ ժամանակներում դուք հերոսներ եք փնտրում, ապա նրանք այս շենքում նստած աշխատում են»,-ասաց Հրայր Թովմասյանը՝ թվարկելով ՍԴ բոլոր դատավորներին, բացի Վահե Գրիգորյանից։
«Վահե Գրիգորյանն այդ ցուցակի մեջ չի մտնում»,-ասաց ՍԴ նախագահը։
Նա նաև հայտարարեց, որ դատավորներից ոչ մեկը չի պատրաստվում լքել իր աշխատանքը և գնալ թոշակի։
«Եթե որևէ մեկը մտածում է, որ այս, արդեն կաշառք որակված, առաջարկը կարող է գայթակղել դատավորներին ու նրանք կգնան դրա հետևից, ապա շատ ու շատ վատ են ճանաչում նրանց։ Իմ թվարկած դատավորներից որևէ մեկը չի գնալու այդ քայլին ու որևէ մեկը չմտածի, որ անկախ դատական իշխանությունը բերելու են և սկուտեղի վրա մատուցելու են իրենց»,-ասաց Հրայր Թովմասյանը։
Նրա գնահատմամբ սա պայքար չէ աթոռի համար, սա պայքար է նրա համար, թե վաղը ինչպիսի դատական համակարգ ու պետություն ենք ունենալու։ Թովմասյանը վստահեցնում է, որ ՍԴ դատավորները չեն կարող անաշխատ եկամուտ ստանալ։
«Քանդված դպրոց, քանդված մանկապարտեզ․ նրանք չեն կարող նստել տանը հանգիստ աշխատավարձը ստանալ»,-ասում է Հրայր Թոմասյանը և վստահեցնում, որ սա քաղաքական ուղղվածություն ունի։
Մանրամասները՝ տեսանյութում