Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի մայրը, հորեղբայրը, պապն ու փաստաբանը բարձրացան Փաշինյանի հետ հանդիպելու
14:19
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ Արթուր Աջամյանի մայրը, հորեղբայրը, պապն ու փաստաբանը բարձրանում են Փաշինյանի հետ հանդիպելու:
***
Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի՝ բողոքի ակցիա իրականացնող հարազատներին քիչ առաջ մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը և նրանց հաղորդեց, որ իրենց ասելիքը վարչապետին կարող են հասցնել միայն իր միջոցով, մինչդեռ նրանք հանդիպում են պահանջում հենց Փաշինյանի հետ:
«Ես ուզում եմ ձեզ փոխանցել, որ վարչապետը դուրս էր եկել, արդեն իջնում էր ներքև, երբ ճանապարհին իմացավ, որ դուք փողոց եք փակել, հետ դարձավ գնաց իր աշխատասենյակ և ձեր բոլոր այն խնդիրներն ու մտահոգությունները, որ ունեք, կարող եք փոխանցել միայն իմ միջոցով, քանի որ փողոց փակելը եղանակ չի: Հիմա եթե դուք բան ունեք փոխանցելու, ես պատրաստ եմ ձեզ լսել, ինձ կասեք ես կփոխանցեմ վարչապետին»,- ասաց Սարգսյանը:
Քաղաքացու դիտարկմանը, թե իրենք զինվոր որդի են կորցրել, Փաշինյանն էլ զինվոր որդի ունի, ինչո՞ւ չի իջնում կամ իրենց մի քանի հոգով ընդունում:
Սարգսյանն ի պատասխան կրկնեց, որ Փաշինյանը պատրաստ էր իրենց հետ հանդիպելու, բայց իմանալով որ փողոց փակելու քայլին են դիմել, վերադարձել է աշխատասենյակ: Նա առաարկեց մի քանի հոգով բարձրանալ իր աշխատասենյակ, միասին քննարկել ու ինքն էլ կփոխանցի վարչապետին:
Քաղաքացին ասաց՝ չէ՞ որ «փողոց փակելու օրենքը» հենց իրենք են ստեղծել, Սարգսյանն ասաց, որ այն ժամանակ ուրիշ իրավիճակ էր, ու այլ նպատակներով:
Քաղաքացիները զիջման չգնացին և որոշեցին քայլել անցումով: