Ալավերդիում ընտանիքի չորս անդամի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած վիճակում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը եւ բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի եւ Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաեւ նրանց՝ 2002 եւ 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը:
Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: