Սերժ Սարգսյանը որևէ թաքցնելու բան չունի․ Փաշինյանին հարցրեք՝ էդ որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը․ Շարմազանով (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքը քաղաքական պատվեր է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված այն մեղադրանքին, ըստ որի նա գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացրել՝ ֆինանսական խախտումներով։
«Սա քաղաքական պատվեր է կուսակցության և նրա առաջնորդի դեմ: Դեռևս 2018-ի մայիսին ես ասացի, որ այսուհետև ոչ ոք ապահովագրված չէ ձերբակալություններից, կալանավորումներից և շինծու քրեական գործերից», - ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Ապրիլյան քառօրյայի բայցահայտումների հետ կապված Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, ապա Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀ երրորդ նախագահն այս առումով ոչ մի թաքցնելու բան չունի։
«Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին պիտի կանչեն այդ հանձնաժողովի նիստին և նրան հարցնեն, թե որտեղի՞ց այն ինֆորմացիան, թե Քառօրյա պատերազմը պլանավորված է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպեսզի Ադրբեջանը կարողանա մտնել ԵԱՏՄ»,- ասաց Շարմազանովը՝ լրագրողներին հորդորելով այդ մասին հետաքրքրվել Փաշինյանից։
Մանրամասները՝ տեսանյութում