Ամանորյա միջոցառումների համար 138 մլն դրամ տրվելու է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին
Երևանում կազմակերպվող ամանորյա միջոցառումների համար նախատեսված 325 մլն դրամի զգալի մասը տրվելու է արդեն արտոնյալ դարձած «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին: Այս մասին հայտնում է Factor.am-ը։
Ընկերությանը, որը տոնական օրերին ապահովելու է գեղարվեստական մասը, ծառայությունների դիմաց վճարվելու է 138 մլն դրամ կամ 290 հազար դոլար: Երկրորդ խոշոր հատկացումը կատարվել է «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին՝ 106,5 մլն դրամ: Ընկերությունն իրականացնելու է դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում և ապամոնտաժում: Ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալության և սպասարկման համար «Լայթ Դիզայն» ՍՊԸ-ին կվճարվի 37 մլն դրամ, իսկ ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցման համար «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ- ին՝ 44 մլն դրամ: Փաստորեն, ստացվում է, որ ամանորյա միջոցառումների համար նախատեսված միջոցների զգալի մասն ուղղվելու է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին: Ուշագրավ է, որ արդեն իսկ ընտրված ընկերություններից «Ֆակտորի փրոդաքշնը» գրեթե մշտապես ներգրավված է մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը:
Անցած տարի «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 30 մլն դրամ էր վճարվել միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Մեկ այլ պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 24 մլն դրամի կամ 49,3 հազար դոլարի շրջանակում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումներ էր պատվիրել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերվա համար: Իսկ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի համար ծախսվել էր 71 մլն դրամ: