2020թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները կնվազեն. Արշակյան
ՀՀ կառավարությունը բջջային կապի օպերատորների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արցախի հետ ռոումինգ կապի սակագները ևս մեկ անգամ վերանայելու ուղղությամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին վերանայել են սակագները, ինչի արդյունքում սակագները նվազել են 11-44 տոկոսով թե՛ մուտքային, թե՛ ելքային զանգերի համար: Նախարարի խոսքով՝ առաջիկայում ևս նոր նվազեցումներ են նախատեսվում:
«2020թ.–ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն: Բանակցությունները բջջային կապի օպերատորների հետ ընթացքի մեջ են»,- ասաց Արշակյանը:
Նա նշեց, որ սակագներն այս անգամ ավելի շատ կիջնեն, թե կոնկրետ, որքան` չասաց, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել: Ամեն դեպքում, ըստ Արշակյանի, ոլորտը ավելի կկարգավորվի: