Հայաստանը դեռ չի ստորագրել ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը ԵՄ հետ. Տաթևիկ Ռևազյան
Հայաստանը ԵՄ հետ ավիացիոն համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ տարվա սկզբին: Այս մասին այսօր`, դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Երբ մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում էի, հստակ նշվեց, որ հենց որ հնարավոր լինի համաձայնագիրը ստորագրել՝ ԵՄ-ն պատրաստ է ամեն ինչ անել, որ այն արագ լինի։ Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա սկզբին և դրա շնորհիվ մենք չենք ունենա այն սահանափակումները, որոնց բախվել է Wizz Air-ը՝ իր ուղղություններն ընտրելիս»,-ասաց Ռևազյանը:
Նա նշեց, որ Wizz Air-ին շուկա ներգրավելու համար հատուկ աշխատանք չի իրականցվել` օրենքը դարձել է ավելի ճկուն, ինչպես նաև լուծվել է մեկնման հարկի հետ կապված հարցը։
Տաթևիկ Ռևազյանի խոսքով, Wizz Air-ը խրախուսվում է նույն հիմքերով, ինչ որ ցանկացած այլ ավիաընկերություն, որը չվերթներ է իրականացնում Հայաստանից:
«Երբ դու ունես 25 եվրո արժեցող տոմս ու պետք է վճարես 20 եվրո մեկնման հարկ, դա ավիաընկերության համար ընդունելի չէ»,-ասաց Ռևազյանը` հավելելով, որ այնումանեյնիվ կան չվերթներ, որոնց համար հարկեր կմուծվեն:
Օրինակ, դեպի Վիեննա չվերթը կհարկվի, քանի որ, Վիեննա չվերթ է իրականացնում արդեն Ավստրիական ավիաուղիները, ու քանի որ այստեղ կան հարկեր, ուստի Wizz Air-ը ևս պետք է վճարի մեկնման հարկն այնպես, ինչպես Ավստրիական ավիաուղիները։
Իսկ արդեն Վիլնյուսի չվերթը կազատվի հարվելուց, քանի որ այն նոր ուղղություն է: Wizz Air-ը մտադիր է հետագայում ավելացնել Հայաստանից ուղղությունները, սակայն այս փուլում հստակ չէ։