ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Ցեղասպանությունների կանխարգելման եւ արդարության նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նաեւ նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման եւ արդարության վերականգնման նկատմամբ,- նշված է ՀՅԴ ԳՄ հայտարարությունում։
«Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական եւ ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները եւ ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը։
Անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող ՀՅԴ կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երկար տարիների համառ, հետեւողական ու նվիրված պայքարի։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարությունը վերականգնող այս բանաձեւի ընդունումը եւ իր անմնացորդ զորակցությունն է հայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառույցներին եւ ընկերներին»,- ասված է հայտարարությունում: