Ասում են՝ դու գործ տվող ես. Զինված ուժերում խնդիրներ բարձրաձայնելու համար սպային զորացրում են (տեսանյութ)
Զինված ուժերի գործող սպա Արմեն Թուրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախ ներողություն է խնդրել վերադաս հրամանատարությունից, որ խախտում է համացանցում ուղիղ եթեր մտնելու կամ տեսաուղերձ հղելու արգելքը, ապա նշել, որ իրեն այլ բան չէր մնում անել, քան եթեր մտնելը:
Նա նշել է, որ օգտագործել է բոլոր լծակները, որոնց միջոցով կարող էր հասնել խնդիրների լուծումներին. խնդիրները բարձրաձայնում է ըստ օրինականության, փոխարենը իրեն ուզում են զորացրել:
Սպան ընդգծել է, որ համաձայն է վարչապետի այն պնդմանը, թե իրենք դիմադրության են արժանանում:
«Ես իմ կողմից մտածում եմ, որ Զինված ուժերում ինչ-որ դրական արդյունքի հասնենք, ինչ-որ խնդիր լուծվի, գալիս եմ, էն խնդրի առաջ եմ կանգնում, որ ինձ փորձում են զորացրեն: Էլ ի՞նչ անեմ, հացադուլ անե՞մ, ինչ-որ ակցիայի գնամ, էլ ի՞նչ կա, որ ես պահպանեմ: Ըստ վերադասության զեկուցում ես՝ չի անցնում, բացառությամբ վերջին կետի, որն էլ հետագայում էլի չթողեցին շարունակեմ: Էդ էլ կարող եմ ասել՝ ինչու վերջին կետի: Ինչքա՞ն պետք ա էս ամեն ինչը շարունակվի ու կեղծիքով ներկայացվի ժողովրդին: Էնքան կեղծիք կա, էնքան սխալ բան կա, բարձրաձայնում ես՝ ասում են՝ դու դեմագոգ ես, բարձրաձայնում ես՝ ասում են՝ դու գործ տվող ես: Ես Զինված ուժերի սպա եմ, ես գործ տվո՞ղ եմ, որ տեսնում եմ ծառայության ժամանակ խնդիր կա: Էդ խնդիրը կարող է նաև շատ լուրջ լինել, որովհետև այդ հարցերն անմիջականորեն առնչվում են հանրության հետ, ժողովբրդի, բանակի հետ, ազգային անվտանգության հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: