Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանանք պարոն Սերժ Սարգսյանից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Ե՞րբ սպասենք Խաչատուրովի, Բաղմանյանի և Սերժ Սարգսյանի հարցաքննությանը: Այսօր, դեկտեմբերի 9-ին, ԱԺ նիստի ժամանակ, այս հարցադրումն ուղղեց Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հետաքրքրվեց նաև, թե արդյոք դիմադրություն չի՞ եղել: Արձագաքելով պատգամավորի հարցադրմանը` Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ որևէ դիմադրության չեն հանդիպել:
«Գուցե չհասկացված պահեր են եղել, բայց հանձնաժողովը կարողացել է հաղթահարել դրանք»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են հրավիրվելու վերջին փուլի հարցաքննության ժամանակ, ապա Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ մարդկանց, ում մատնանշեց պատգամավորը, հանձնաժողովը պարտավոր է լսել:
«Մենք պարտավոր ենք լսել ընդհուպ մինչև այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, քանի որ վերջին հաշվով նա իրականացրել է գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթ: Հարցեր են հավաքվել, որոնց վերջնական պատասխանները պետք է ստանանք պարոն Սերժ Սարգսյանից»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ հարցեր կան նաև այն բոլոր պաշտոնյաներին, ովքեր որևէ առնչություն են ունեցել կառավարման հետ:
Նա հայտարարեց նաև, որ որևէ քաղաքական շահարկում չի եղել և չի կարող լինել: