ՊՆ-ն դիզվառելիքի մատակարարաման պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուի ընկերության հետ. 168.am
168.am-ը հայտնում է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին «Գործարքի «քավորը» պատգամավորի թեկնածու է եղել» վերնագրով իր հոդվածում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարությանն իրանական դիզվառելիք մատակարարելու նախատեսվող գործարքին: Կայքի աղբյուրները նաև վստահեցրել էին, որ գործարքի «գլխին կանգնած էր «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։
Իսկ hetq.am կայքն այսօր փաստեր է ներկայացնում, որոնք հաստատում են 168.am-ի աղբյուրների պնդումները: Ըստ այդմ` «այս տարվա սեպտեմբերի 18-ին ՊՆ-ը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրով «Գազօիլը» հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՊՆ-ին պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունն ընտրվել է հրատապ բաց մրցույթով»:
«Գազօիլ» ընկերության միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն, ըստ 168.am-ի, ընկերության իրական սեփականատերը 2018թ. խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։