ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են արել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են արել, որում ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մտադրությունը հանդիպում անցկացնել հաջորդ տարվա սկզբում:
Հայտարարությունում ասվում է.
«Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի առիթով մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս (Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Եվրոպայի ու օտարերյա գործերով պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուան, Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքեր) շարունակում ենք հակված լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդությանը:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են արձագանքում շփման գոտում ու միջազգային սահմանների տարածքում բռնության դեպքերի համեմատաբար ցածր մակարդակի մասին, և երախտիք են հայտնում կողմերին ուղիղ հաղորդակցման միջոցներն անմիջականորեն կիրառելու համար էսկալացիայի ռիսկը նվազեցնելու նպատակով՝ նախարարների հետ համաձայնության շրջանակում, որը ձեռք էր բերվել հունիսին Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ։
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ արդարացի և կայուն կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ուժ չգործադրելու, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դարձյալ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ պատճառով մենք կոչ ենք անում կողմերին վարել բարեխիղճ բանակցություններ առանց արհեստական պայմանների կամ հետաձգման:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համոզված են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը անփոխարինելի է կայուն կարգավորման համար: Մենք կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց եւ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց մենք հանձնարարել ենք շարունակել միջնորդական ջանքերը»։