Էդ մարդը պետական բեռն իր վրա վերցնի, երկու միլիարդի ներդրում բերի, որ պոզ ու պոչ կպցնե՞ն, սա ի՞նչ թշնամանքի մթնոլորտ է․ Գևորգ Պետրոսյան
«Էդ մարդը պետական բեռն իր վրա վերցնի, անձնական կապերըն օգտագործելով, բերի երկու միլիարդի ներդրում ցանկանա անել, որ պոզ ու պոչ կպցնե՞ն, սա ի՞նչ թշնամանքի մթնոլորտ է, սա բացարձակ համերաշխության մթնոլորտ չէ: Ես բոլորի մասին չեմ ասում, բայց «Իմ քայլի» որոշ գործընկերներ միտումնավոր մթնոլորտը տանում են սրացման»։
Այսօր այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարած քաղաքական բոյկոտին ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատություններին։
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ բոյկոտն ուղղված չէ կառավարության, վարչապետի դեմ, այլ իշխող խմբակցության որոշ ներկայացուցիչների գործողությունների դեմ։
«Այստեղ մարդիկ կան, որոնց դեմքը որևէ մեկը չի ճանաչել, բացի իրենց սեփական տնեցիներից, բայց այս երկու օրվա օրակարգը վերածվել է Ծառուկյանի անձնական գործունեության քննադատության»,- ասաց Պետրոսյանը։
Նա նկատում է, որ անտնտեսվար քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրեց երկու միլիարդ դոլարի ներդրում։
«Որոշ մարդկանց անտնտեսվար, անհեռատես պահվածքով, ասենք՝ ջինս է հագել, բա ի՞նչ պետք է հագներ կիրակի օրը, կարող է հարսանիք էր գնում: Հիմա էլ, գիտեք՝ ինչ մեծ ջանքեր են պահանջվելու, որ այդ մարդկանց համոզենք, հետ բերենք»,- ասաց նա և նշեց, որ ոչ միայն իշխող ուժը չի անում տնտեսական հեղափոխություն, այլ նաև չի թողնում մյուսները անեն դա։
«Այլախոհությունը երբեք Հայաստանում նման գնդակահարված վիճակում որևէ իշխանության օրոք չի եղել: Որոշ մարդկանց քիմքին հաճելի չէր լինի, որ այդ ներդրումը վերագրվեր Գագիկ Ծառուկյանի հեղինակությանը»: