«Սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Ես թուղթը ցույց տվեցի, որ Հայկ Մարությանն ԱՊԶ-ն ստորագրել է 11 հարկի համար, հետին մասը՝ շարունակելի, հիմա էլ ի՞նչ եք ուզում իմանալ»։
Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողները տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, թե ինքը շինթույլտվություն չի տվել Գագիկ Ծառուկյանին, և հարցրեցին, թե այնուամենայնիվ՝ Ծառուկյանի ցույց տված փաստաթուղթը նախագծի՞, թե՞ շինթույլտվության մասին փաստաթուղթ էր, և արդյոք շինությունն ապօրինի չէ՞։
«Ապօրինի շինարարությունն այն է, երբ որեւէ փաստաթուղթ չկա, ու դու շինարարություն ես անում. հյուրանոցն ապօրինի չի կառուցվել, նախագիծը կա, մնացել է, որ կոնստրուկտորը հարկերի բաժանումն անի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա հերթական անգամ նկատեց, որ ինչ անում է, ժողովրդի լավ ապրելու համար է անում, սակայն իրեն աջակցելու փոխարեն՝ քննադատում են։
«Մտածեք մարդկանց մատից փուշ հանելու մասին, ոչ թե ասել՝ կոստյում հագած չի եղել, գալստուկը կապած չի եղել, դրա համար չեմ ընդունել: Հետո էլ թե՝ թագաժառանգը չէր, թագավորի մյուս տղան էր: Ամոթ է, այսպես երկիր չի կառուցվի, ես բոլորի փոխարեն ամաչում եմ: Սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ»,-ասաց Ծառուկյանը: