14 աղբատար մեքենա նվիրաբերած ՍՊԸ-ին քաղաքապետարանը հողամաս է տրամադրել
Երեւանի քաղաքապետարանին 14 աղբատար մեքենա նվիրաբերած «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պետռեգիստրում գրանցումից 2 ամիս անց քաղաքապետարանը հողամաս է տրամադրել, տեղեկանում ենք էլեկտրոնային ռեգիստրի կայքէջից։
«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2019 թվականի հունվարի 11-ին, ՍՊԸ-ի հիմնադիրները Սամվել Մանիջոյանն ու Նարեկ Ասատրյանն են։
Ըստ քաղաքապետարանի կայքում առկա տեղեկանքի՝ 2019 թվականի մարտի 22-ին Երեւանի քաղաքապետարանը ՍՊԸ-ին տրամադրել է հողամաս՝ Անաստաս Միկոյան (Եղվարդի խճուղի) փողոցի հ. 22 հասցեում գտնվող հասցեում։
ՊԵԿ տեղեկագրից տեղեկանում ենք, որ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն 2019թ. առաջին եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկում 104-րդ տեղում է եւ 364 մլն 875 հազար դրամ հարկ է վճարել։
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Ն եւ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ի սեփականատերը 2015 թվականին «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից ապառիկով գնել է Nokia 603 հեռախոս եւ գումարը չի վճարել։
«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունն էլ հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Մանիջոյանի, եւ որոշում է կայացվել բռնագանձել 123.872 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նաեւ 2.478 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ընդամենը` 126.350 ՀՀ դրամ: