Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը եւ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հուշագրի դրույթների հիման վրա Կողմերն իրականացնում են համագործակցություն, գործելով իրենց իրավասության շրջանակներում, պահպանելով իրենց ազգային օրենսդրությունը՝ հետեւյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման եւ քննության ուղղությամբ. մարդկության խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, ահաբեկչություն եւ ծայրահեղականություն, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի, ատոմային եւ ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն, սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի եւ արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ, մարդկանց առեւտուր, տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի եւ արժեթղթերի պատրաստում, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ:
Կողմերը համագործակցություն են իրականացնելու մի շարք ուղղություններով եւ միմյանց ցուցաբերելու են իրավական օգնություն: