«Ես ժամանակ չունեմ»․ ԵՊՀ ռեկտորի Ժ/Պ-ն նստացույց անող ուսանողներին չի կարող հանդիպել
Արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողները դասադուլ էին անում՝ դեմ արտահայտվելով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Ուսանողների նստացույցն իրականացվում է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ: Վերջիններս հույս ունեն հանդիպել ռեկտորի Ժ/Պ-ին և հասկանալ, թե ինչու խնդիրը չի քննարկվում բուհի գիտական խորհրդում:
«Այնպիսի տպավորություն է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտպանում է ոչ թե ուսանողների, այլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շահերը»,- ասացին ուսանողները՝ լրագրողների հետ զրույցում։
Գեղամ Գևորգյանը չի ցանկացել հանդիպել ուսանողներին։ Նա հայտարարել է, թե ժամանակ չունի, և հորդորել է խնդիրն իրեն ներկայացնել նամակի միջոցով։
Սակայն ուսանողներն արդեն փորձ ունեն այդ հարցում, և չեն պատրաստվում ևս մեկ նամակ հղել ռեկտորի Ժ/Պ-ին, որը, նրանց խոսքով, դեկլարատիվ բնույթի պատասխանի է արժանանալու։
Նրանք վստահ են, որ Գևորգյանը, ուզի թե չուզի, ժամանակ կգտնի իրենց ընդունելու։
Ուսանողների նստացույցը կշարունակվի մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ ժամը 17:00-18:00-ը։