«Ռեստարտի» անդամների ու ոստիկանապետի հանդիպումը չի կայացել
«Ռեստարտ» նախաձեռնության անդամների ու ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի միջև հանդիպումը չի կայացել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան լայվի միջոցով պատմեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Պետրոսյանը պատմեց, որ իրենց թույլ չեն տվել քննարկումն անցկացնել ուղիղ եթերի միջոցով.
«Մեզ ասացին՝ Դուք միացրեք ուղիղ եթերը, ասեք հանրությանը ձեր հարցադրումները, որոնք ուզում եք ներկայացնել, ինչից հետո հեռարձակումը կդադարեցվի, եւ մենք կշարունակենք քննարկումը։ Մեկ անգամ այդպես փորձեցինք, բայց, քննարկումը չսկսած, հասկացանք, որ սա մեր արշավի հռչակած սկզբունքներին չի համապատասխանում, ուստի հրաժարվեցինք հանդիպումից եւ դուրս եկանք»։
Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ պատմեց, որ Արման Սարգսյանը պնդել է՝ ոստիկանությունը հանդիսանալով ուժային կառույց՝ չունի այդպիսի պրակտիկա, որ ուղիղ եթերում քաղաքացիների հետ հանդիպումներ ունենա.
«Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ հնարավոր է, այնպիսի ինֆորմացիա այստեղ գնա, որը հրապարակման ենթակա չէ»։
Արդյունքում հանդիպումը չի կայացել, նախաձեռնության անդամները դուրս են եկել քննարկման սենյակից։