«Պանդոկ Երևանը» ներողություն է խնդրում Արարատ Միրզոյանից
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից անհարմարություն պատճառելու համար:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես ասված է․
«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար:
Մեր ցանցը Երևանում գործում է 2006 թվականից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը:
Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է: Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»։