Փաշինյանը հավաստիացնում է, որ Պուտինի հետ պայմանավորվել է գազի գնի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի սակագների շուրջ բանակցությունների մանրամասները։ Այս մասին նա երեքշաբթի օրը պատմել է մամուլի-շրջագայության շրջանակներում Երեւան ժամանած ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Sputnik-Հայաստանը։
Վարչապետի խոսքերով, Հայաստանի համար գազի սակագների մասին նախագահ Պուտինի հետ խոսակցությունը եղել է ընդհանուր, չորոշակիացված, սակայն քննարկվել է, որ գինը պետք է լինի այնպիսին, «որպեսզի չկոտրվի հանրապետության տնտեսության զարգացման դինամիկան»։ Փաշինյանը նշել է, որ իրենք Պուտինի հետ համաձայնության են եկել այդ հարցում։
«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչեւ գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա։ Սա լավ նորություն է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը հուսով է, թե հարցն ավելի երկարաժամկետ հեռանկարի համար կլուծվի։